Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասակակիցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15.04.2013 17:11
Ակնարկներ վետերանների մասին
95 տարի առաջ իրականություն դարձավ մեր դարավոր երազանքը՝ հայոց հինավուրց հողում պետականություն վերահաստատեցինք:
Առաջին հանրապետության կառավարության հռչակած դեկլարացիայի առաջին, պետք է ենթադրել, ամենակարեւոր կետերից մեկը ամրագրում էր՝ երկրում հաստատել տարրական իրավակարգ, ապահովել քաղաքացիների անձի եւ գույքի անձեռնմխելիությունը: Կազմավորվող պետական ինստիտուտներից, կառույցներից առաջիններից մեկը ներքին գործերի նախարարությունն էր:
Ընդդեմ հանցավորության, հանուն օրինականության, հանուն մարդու եւ հասարակության իրավունքների, հանուն հայոց պետականության ամրապնդման. սա է համակարգի 95-ամյա ճանապարհի բնութագիրը: Ժամանակաշրջանով պայմանավորված՝ երբեմն փոխվել է գործունեության ուղեցույցը, բայց գերխնդիրը մնացել է նույնը` ծառայություն օրենքին ու ժողովրդին: Համազգեստ կրելը պատիվ համարած յուրաքանչյուրի հավատամքը դա էր ու՝ է:
Հայ ոստիկանն արդեն 95 տարի պատվով է կատարում իր պարտքը՝ հաճախ առողջության ու կյանքի գնով: Նա ժառանգն է համակարգի` սխրանքներով, նաեւ՝ անկումներով ու կորուստներով լի պատմության՝ միշտ պատրաստ կատարելու պետության, օրենքի, ժողովրդի պահանջը: Նա զինվոր է:
Միլիցիայի պահեստի կապիտան Շուշիկ Գրիգորյանը 95 տարեկան է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասակակիցը: Չորս տասնամյակ առաջ հրաժեշտ տված համազգեստի մեջ հպարտ, ինքնավստահ, աշխարհին ու շրջապատողներին իր կենսափիլիսոփայության խորքերից նայող տատիկ է: Իր հարազատ համակարգի տարեկիցը, նրա մի մասնիկը...
Միլիցիայի կապիտան Շուշիկ Գրիգորյանի կենսագրությունն ամփոփող «Անձնական գործը» թերթում ես որպես դասագիրք. հնության շունչը պահած «Գործում» տրված բնութագրումներն անգամ ժամանակաշրջան են բնորոշում, հասարակական հարաբերություններ...
«Տատ, ես ծնվեցի, դու ծերացար»՝ ասում է չորսամյա Կարենը: Շուշիկ տատը նրանից ուժ է առնում, նաեւ վստահ է, որ ծոռնիկը լավ մարդ կդառնա... Տատ ու ծոռ տարբեր աշխարհներ են, հավերժ սկիզբ ու ընթացք ունեն իրենց մեջ...
95-ամյա կապիտանը թերթում է հիշողություններն ամփոփող լուսանկարների ալբոմն ու պատմում հարուստ կենսագրությունից դրվագներ...
Ծնվել է 1918 թվականին՝ հոր մահից երեք ամիս անց: Վեց երեխաներին մեծացնելու հոգսն ուսած մայրը թեեւ անգրագետ, բայց ուսման հարգն իմացող կին էր, եւ խելացիությամբ ու համարձակությամբ առանձնացող Շուշիկը ստանում է բարձրագույն մանկավարժական կրթություն: Մանկավարժությունը երիտասարդ աղջկա տարերքն էր, սակայն շուտով նրան աշխատանքի են հրավիրում կուսակցական մարմիններում: Ակտիվ, համարձակ, պարտաճանաչ եւ հայրենասեր... 1941 թվականին ռազմաճակատ մեկնելու դիմում է տալիս. ինչպե՞ս կարող էր հանգիստ նստել, երբ պատերազմ էր, երբ հայրենիքը վտանգի մեջ էր: Զորակոչվում է 1942¬ին: Խաղուպար չէր, ոչ էլ գեղարվեստական կինոնկար: Տղամարդու գործ էր, եւ փխրուն ու խիզախ աղջիկը զինվորի համազգեստին հրաժեշտ է տալիս միայն պատերազմի ավարտից հետո:
Միլիցիայի կապիտան Շուշիկ Գրիգորյանը կյանքի հարուստ էջերն ամփոփել է իր ստեղծագործություններում, ու հիմա սրտի թրթիռով թերթում է բանաստեղծությունների տետրը: Մարգարտաշար ձեռագրով տողերում նրա ապրած ժամանակի շունչն է, փիլիսոփայությունը...
Շուշիկ տատի կյանքի լավագույն հիշողությունները նաեւ ներքին գործերի համակարգի հետ են կապված: Մի օր նրան կանչում են Կենտկոմ եւ ասում՝ քեզ ուղարկում ենք ներքին գործերի նախարարություն... Որպես ավագ տեսուչ՝ աշխատանքի է անցնում կանանց գաղութում, հետո՝ մանկական սենյակում: «Ես շատ եմ սիրել իմ աշխատանքը: Միլիցայում ծառայելը պատիվ է եղել ինձ համար: Բոլորը տղամարդիկ էին, ես միակ կինն էի՝ գործընկեր էի, ընկեր, քույր...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹ