Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր մտահոգությունն է հայտնում
24.02.2013 17:18
Ընտրություններ
ՀՀ ոստիկանությունն իր խոր մտահոգությունն է հայտնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և իր կողմնակիցների գործողությունների, ինչպես և զանգվածների կառավարման մեթոդաբանության, վիճելի խնդիրների քննարկման հրամայական անհրաժեշտությանը այլ ապօրինի գործողություններով արձագանքելու առնչությամբ, և հորդորում է Ր. Հովհաննիսյանի ընտրական շտաբի ներկայացուցիչներին՝ անհապաղ դադարեցնել ապօրինություններ հրահրելը, բախման վտանգներով հագեցած միջոցառումների կազմակերպումը:
ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ հավաքների ազատությանը վերաբերող՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային փաստաթղթերի և օրենքների կանոններն անհրաժեշտ է ընկալել և մեկնաբանել դրանց ամբողջության մեջ, բացառելով դրանց հարմարեցումը սեփական այսվայրկյանական շահերի սպասարկմանը, որը վտանգում է քաղաքացիների առողջությունը, ազատությունը և հասարակական անվտանգությունը:
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ իրավական պետությունում, որի ջատագովն է նաև Ր. Հովհաննիսյանը, ոստիկանության ծառայողների պահանջները պետք է կատարվեն, իսկ հետո միայն կարող են վիճարկվել վերադասության կամ դատական կարգով, եթե դրանց օրինականությունը վիճելի է թվում: Հարկ է նկատել, որ վարվեցողության այս տարրական կանոններին չտիրապետելը վտանգում է առաջին հերթին հենց հավաքների մասնակիցների անվտանգությունը:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակով Երևանում անցկացվելու է հրատապ հավաք, որն անհնարին է անցկացնել իրազեկմամբ:
Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ այսօրվա «շտապ» հավաքի մասին կազմակերպիչները դեռևս օրեր առաջ են հայտարարել, հետևաբար, միանշանակ հերքվում է իրադարձություններին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է նաև, որ Ր. Հովհաննիսյանի մարզային hանդիպումները չեն հանգեցրել որևէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես և Ր. Հովհաննիսյանի նախընտրական և հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել և մնում է ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը և դրանից բխող գործողությունները:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, և այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք և դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես և իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքի ապահովման և այլոց իրավունքների, ինչպես և հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, և դրանով էապես վտանգվում է նաև հենց հավաքի մասնակիցների, ինչպես և այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:
ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետևաբար, այսօրվա հավաքը ևս անօրինական է և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության: