Մեծամորի ոստիկանները նախ հայտնաբերեցին հետախուզվողին, հետո` թմրամիջոց
Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողի թաքնվելու վայրի մասին տեղեկությունը համատեղ իրացրին ոստիկանության Արմավիրի վարչության, Մեծամորի և Արմավիրի բաժինների ծառայողները: Մարտի 1-ին, ժամը 22.20-ին, Ծաղկաձորում գտնվող մի բենզալցակայանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Մեծամորի բաժին տեղափոխվեց սպանության փորձի մեղադրանքով փետրվարի 1-ից հետախուզվող, Սարդարապատ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը:
Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 17-ի գիշերը: Ժամը 2.15-ին ոստիկանություն էր զանգահարել Մայիսյան գյուղի բնակիչ 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Մեծամոր քաղաքի բարձրահարկ մի շենքի դիմաց անհայտ անձը դանակահարել է իրեն: Մոտ 45 րոպե անց հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքով տղամարդը դիմել է բուժօգնության:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մեծամորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը, գիշերվա ժամը 1.40-ի սահմաններում, տուժած տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր շենքերից մեկի բնակչուհու ընկերոջ՝ Սարդարապատ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ: Հենց նա էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել 31-ամյա տղամարդուն և դիմել փախուստի:
Դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Հայտարարվել էր հետախուզում:
Եվ ահա, մարտի 1-ին նա հայտնաբերվեց: Նրա հետ ձերբակալվեց և ոստիկանության Մեծամորի բաժին տեղափոխվեց նաև քննությունից թաքնվելու գործում նրան աջակցողն ու թաքցնողը:
Դանակահարողը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Իսկ նրան աջակցող-թաքցնողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթ` դեղնականաչավուն ավելի քան 17 գրամ կանեփանման զանգվածով, և նույն զանգվածով ապակյա երեք գլանակ: Նա հայտնել է, որ կանեփից պատրաստած թմրամիջոցն իրենն է, քաղել վայրի աճած բույսերից:
Տղամարդը հարցաքննվել և բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: