Հանդիպում ՀՀ ոստիկանությունում
15.11.2013 18:55
Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի դիրքերում
Նոյեմբերի 15-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանին եւ ծրագրի ղեկավար Ձյունիկ Վանեսյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը եւ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։
Հունան Պողոսյանը բարձր գնահատեց «Փրոջեքթ Հարմոնիի» հետ համագործակցությունը՝ ընդգծելով անչափահասների շրջանում նրանց կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։
Նշենք, որ միջազգային այս կազմակերպության եւ ոստիկանության համագործակցությամբ՝ անչափահասների հանցագործությունների կանխարգելմանն ուղղված տարբեր իրավական ծրագրեր են իրականացվել։ Իր հերթին Մարիամ Մարտիրոսյանը բարձր գնահատեց ոստիկանության աջակցությունն ու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում ստորագրվեց համագործակցության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության մարզերում հատուկ ձեւաչափով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ։ Այդ դասընթացների արդյունքում կձեւավորվեն փորձնական ծրագրեր, կմշակվի դպրոցականների իրավագիտակցությունը բարձրացնելուն ուղղված, ինտերակտիվ մեթոդներով հագեցած միջոցառումների պլանավորման եւ իրականացման ուղեցույց՝ ոստիկանների եւ ուսուցիչների համար։
Կողմերը պայմանավորվեցին անցկացնել միջգերատեսչական հանդիպումներ եւ քննարկումներ՝ համայնքային վերականգնողական կենտրոնների հզորացման եւ նրանց կողմից անչափահաս իրավախախտների համար մատուցվող ծառայությունների ընդլայնման հարցերով։