Գրպանահատության դեմ պայքարի թեմայով ասուլիս ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 8-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամուլի սրահում տեղի ունեցավ հանդիպում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, ինքը եւ հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը եւ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանը։
Ներկայացվեցին գրպանահատության դեմ պայքարի ուղղությամբ ոստիկանության ծառայողների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ ոլորտին առնչվող խնդիրներ։
Նշվեց, որ նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է գրպանահատության դեպքերի աճ։ Մասնավորապես 2018 թ. առաջին վեց ամիսների համեմատությամբ գրպանահատության դեպքերը այս տարվա առաջին կիսամյակում ավելացել են 70-ով։
2019թ. օգոստոսի 8-ի դրությամբ արձանագրվել է գրպանահատության 363 դեպք, բացահայտվել է 179-ը։
Ներկայացնելով հանցատեսակի քրեաբանական բնութագիրը՝ նշվեց, որ մի շարք գործոններով պայմանավորված՝ հանցատեսակը դասվում է դժվար բացահայտվող հանցագործությունների շարքին, կան նաեւ իրավական կարգավորման խնդիրներ։ Այնուամենայնիվ, բացահայտման 45 տոկոսը բավական բարձր ցուցանիշ է համարվում։ Մշտապես ոստիկանության տեսադաշտում են գրպանահատներն ու գործողության վայրերը։
Հանդիպման ավարտին լրագրողների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։