Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Կոտայքի մարզում
Մարտի 4-ին պարեկային ծառայության շուրջ հերթական, և այս փուլի համար եզրափակիչ, հանրային քննարկում-հանդիպումները Կոտայքի մարզում էին։
Նոր Գեղիում՝ տեղի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասավանդողների հետ հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Նաիրիի բաժնի ղեկավար կազմը, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության, պարեկային ծառայության և համայնքային իշխանության ներկայացուցիչներ։
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը ներկայացրեց պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։
Պարեկային ծառայության աշխատակիցները ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան, դրանց հնարավորությունները ու պատասխանեցին ներկաների հարցերին։
Հաջորդ հանդիպումը Աբովյան քաղաքում էր՝ Աբովյանի պետական քոլեջում և երկու այլ ուսումնական հաստատությունում։ Հանդիպումներին ներկա էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Կոտայքի բաժնի ղեկավար կազմը։ Հյուրերը ներկայացրին պարեկային ծառայության առանձնահատկությունները և այն արտոնությունները, որոնցից կարող են օգտվել պարեկայինի բոլոր ծառայողները։ Ծառայությունով առանձնահաատուկ հետաքրքրված սաները ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։
Հերթական և վերջին հանդիպումը Հրազդան քաղաքում էր։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների անցկացման կարգի մասին, իսկ պարեկայինները ներկայացրին կրտսեր պարեկի, պարեկի ու ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ տարեվերջին Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։