Վարորդական իրավունքի վկայականների և համարանիշերի հետ կապված գործարքները նոր սրահում և նոր որակով՝ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական նոր բաժանմունքում
Հուլիսի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական բաժանմունք։
Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, ՆԳՆ գլխավոր քարտուղարը, գործադիր, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Վահե Ղազարյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։
Ներքին գործերի նախարարը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով։
Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում Ներքին գործերի նախարարը ծանոթացել է պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Հաշվառման-քննական բաժանմունքը գտնվում է Երևան-Արտաշատ ճանապարհին: Այն կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և տեխնիկայով՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ տրամադրելու համար։
Նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։
Հաշվառման-քննական բաժանմունքները, որպես հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումներ, օրենքի ուժով դուրս են բերվել ոստիկանության կազմից և գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, ինչի հիմնական նպատակը քաղաքացիական նախարարության կողմից, հանրային ծառայությունների մատուցումն է՝ նոր որակով և նոր տրամաբանությամբ։