ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ՝ Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը:
Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության դեպարտամենտի պետ Սերիկ Սաինովը, Ղրղզստանի Հանրապետության Աշխատանքի, միգրացիայի ու երիտասարդության նախարարի տեղակալ Դոսկուլ Բեկմուրզաևը, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետ Զումրադ Սոլիևան՝ իրենց ղեկավարած պատվիրակություններով, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության Մոսկվայի բյուրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Համակարգող խորհրդի նիստը ողջույնի խոսքով բացեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ անօրինական միգրացիայի հակազդման գործում արդյունավետ համագործակցելու համար մի շարք պաշտոնատար անձինք արժանացան խրախուսանքների:
Նիստի օրակարգում մի շարք հրատապ և հեռանկարային հարցեր էին: Մասնավորապես՝ ՀԱՊԿ ձևաչափով անօրինական միգրացիայի հակազդման օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ գործողությունների կազմակերպումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում, Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա աշխատուժի ներգրավման և օգտագործման կարգավորման բնագավառի նորամուծությունները, անօրինական միգրացիայի հակազդման ընդհանուր մոտեցումների մշակումը՝ Եվրասիական տնտեսական միության գործառման լույսի ներքո, ապաստարան փնտրող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքի ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակներում տարածաշրջանային համակարգի ստեղծման, ինչպես և տեղեկատվության կանոնավոր հավաքման, մշակման ու փոխանակման կոնտակտային կետերի հետագա գործունեության և այլ խնդիրներ:
Օրակարգային հարցերի մանրամասն և առարկայական քննարկումից հետո ստորագրվեցին անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երևանյան նիստի ամփոփիչ փաստաթղթերը: