«Հարավ-Կովկասյան երկաթուղու» երկաթգծից 120 մետր ռելս էին գողացել ու բռնվել․ մեկ անձ կալանավորվել է
Օգոստոսի 15-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, խոսքը տոննաների քաշով երկաթգծի մասին էր: Բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ընկերության աշխատակիցներն անգամ չգիտեին, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանկահատվածում ե՞րբ, օրվա ո՞ր ժամին կարող էր կատարվել գողությունը:
Վերամբարձ կռունկ էր գործել: 120 մետր ռելսերն, անկասկած, մասնատել ու բեռնատարով էին տեղափոխել, և պետք է որ ականատեսներ լինեին:
Բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Պարզվեց` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել:
Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվեց և ի պահ հանձնվեց «Հարավ-Կովկասյան երթաթուղի» ՓԲԸ:
Հանգամանքները պարզվում են:
Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: