Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է
23.11.2012 12:26
Սպանության փորձ
Նոյեմբերի 21-ին, ժամը 1-ի սահմաններում, անհայտ անձը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցին հարող հատվածում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, մոտ 5 մետր հեռավորությունից կրակոց է արձակել իր երթեւեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝ անդրադարձ է կատարել:
«Օպել Վեկտրա»-ն հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Մեքենայում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝ Աշոտ Կ.-ի փաստաթղթերը: Դեպքի վայրի զննությամբ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 2 հասցեին հարող տարածքում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ:
Փաստի առթիվ նոյեմբերի 21-ին ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
Նոյեմբերի 21-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Կ.-ն, ում ձախ ոտքի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք, եւ բժշկական օգնություն ստանալու նպատակով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Աշոտ Կ.-ն հայտնել է, որ չի հիշում՝ ինչ է տեղի ունեցել իր հետ: Նույն օրը նրա ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
Նոյեմբերի 22-ին Աշոտ Կ.-ի կինը ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացրել «Մակարով» ատրճանակ՝ հայտարարելով, որ հայտնաբերել է իրենց տան մոտ, փողոցում դրված աղբամանի մեջ:
Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 20-ին ինքը օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երեւան: Ճանապարհին իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի: Հասնելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ նկատել է մի ավտոմեքենա, որն իրեն նախազգուշացնող ազդանշան է տվել: Նրան վախեցնելու նպատակով՝ նստելատեղի կողային հատվածից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակը եւ մեկ անգամ օդ կրակել: Հետո փորձել է ատրճանակը դնել նստելատեղի ձախ հատվածում, որի ժամանակ պատահամամբ կրակել է իր ձախ ոտքին ու ստացել հրազենային վնասվածք: Դրանից հետո եւս 4-5 րոպե վարելով՝ մեքենան թողել է փողոցում ու տաքսիով գնացել տուն:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: