Հարվածներ էին հասցրել, ապա հափշտակել էին մեթադոնն ու դիմել փախուստի
Դեկտեմբերի 8-ին, ժամը 9.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ անհայտ անձինք հարվածներ են հասցրել իրեն և հափշտակել Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստացած դեղորայքը:
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 34-ամյա երիտասարդը նշված կենտրոնից ստացել է մեթադոնի իր չափաբաժինը, ինչից հետո Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ երկու տղամարդ հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել և հափշտակելով մեթադոնը՝ դիմել են փախուստի:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են 54-ամյա և 59-ամյա երկու տղամարդ՝ երկուսն էլ Երևանի բնակիչ:
Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տղամարդիկ, 33-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Օպելով» հանդերձ, Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ 40 մլ թափանցիկ հեղուկով, «Մեթադոնային լուծույթ 100 դեղաչափ» գրառմամբ: Նա հայտնել է, որ 33-ամյա երիտասարդի «Օպելում» կա նույն լուծույթով 5 սրվակ, որոնցից մեկը տվել է երիտասարդին: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդու մոտ և մեքենայում հայտնաբերվածը Աճառյան փողոցի 2-րդ փակուղում հափշտակվել էր 34-ամյա երիտասարդի մոտից, որին նաև ծեծի էին ենթարկել:
Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
«Օպելը» տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: