Հացավանցին ու ագարակցին՝ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին, Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ երեք ժամ առաջ անհայտ անձը «Օղակաձև» զբոսայգում, քիչ անց վերադարձնելու պայմանով, իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով և հեռացել:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ 28-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 18-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ նա նման արարք է կատարել նաև սեպտեմբերի 16-ին: Այդ օրը 22-ամյա մի երիտասարդ հաղորդում էր տվել, որ Մաշտոցի պողոտայում անհայտ անձը խաբեությամբ իրենից հափշտակել է 30 հազար դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա զարդերն ու գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: