Հերթական նորամուտը. հանդիսավորությամբ բացվեց Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի բացմանը, ինչը ևս մեկ քայլ է հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի կատարելագործման ուղղությամբ:
Ոստիկանության պետն ու նրան ուղեկցող անձինք շրջեցին նորակառույց բաժանմունքի տարածքում, այնուհետև ծանոթացան անձնակազմի աշխատանքի և հանգստի պայմաններին:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց սպասարկման սրահի, քննասենյակի, աշխատասենյակների պայմանները, քննության ընթացքին սպասասրահից օնլայն հետևելու հնարավորությունը, ծանոթացավ պահոցին, կարևորեց այն հանգամանքը, որ աշխատասենյակները հագեցված են ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, ինչը մարզի բնակիչներին թույլ է տալիս «մեկ պատուհանի» սկզբունքով հենց տեղում ստանալ վարորդական իրավունքի վկայականներն ու համարանիշները, իսկ տեղեկատվական պաստառներն ու ցուցանակները այցելուներին ուղղորդում են անհրաժեշտ գործողությունների հաջորդական իրականացմանը:
Շրջայցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ նոր հաշվառման-քննական բաժանմունքի շահագործման շնորհիվ, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված ընթացակարգերի գործարկմամբ, կկրճատվի գործընթացների համար պահանջվող ժամանակը, նվազագույնի կհասնեն հերթերը և կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ինչն էլ այս ոլորտում կատարվող բարեփոխումների գլխավոր նպատակն է: