Ճանապարհը հատելով միայն հետիոտնային անցումներով՝ կպահպանեք ձեր կյանքն ու առողջությունը
Երթևեկելիս լինել զգոն, պահպանել արագության սահմանափակումները, մեքենա վարելիս հետևել հետիոտների շարժին. վարորդներին ուղղված կոչերի շարքը դեռ երկար կարող ենք թվարկել: Սակայն երթևեկության մասնակից են նաև հետիոտները: Նրանք ևս պարտավոր են պահպանել որոշակի կանոններ, և ամենակարևորը` պարտավոր են փողոցն անցնել միայն հետիոտնի համար նախատեսված հատվածով, վերգետնյա կամ ստորգետնյա անցումներով։ Մի քանի վայրկյան շուտ տեղ հասնելու համար չարժե ճանապարհն անցնել չթույլատրվող հատվածով՝ վտանգելով կյանքը, նաև անհարմարություն ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար:
Ըստ վիճակագրության` նախորդ տարվա ընթացքում հետիոտների՝ ոչ սահմանված հատվածով անցնելու հետևանքով արձանագրվել է 1193 ճանապարհատրանսպորտային պատահար։ Վրաերթի ենթարկվածներից 108-ը մահացել են, իսկ 1158-ը՝ վիրավորվել։ Ավելին, այս տարվա հունվարի 8-ից 10-ը, ընդամենը երեք օրվա ընթացքում, հանրապետությունում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները կազմել են հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու վերաբերյալ 2194 արձանագրություն։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ և հետիոտներ, ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով՝ պահպանելով ձեր կյանքն ու առողջությունը։