Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառներից է նաև հետիոտնի կողմից ոչ թույլատրելի մասով ճանապարհը հատելը
Ճանապարհատրանսպորտային պատահարների, մահվան ելքով վրաերթերի, դրանց աղետալի հետևանքների մասին գրել և բարձրաձայնել ենք միշտ։ Իսկ վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։
Իրողություն, որը երթևեկության բոլոր մասնակիցներին հուշում և պարտադրում է՝ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Հարգել օրենքը, լինել օրինապահ, գիտակցել, որ երթևեկության մեջ, ինչպես մեր կյանքի բոլոր ոլորտներում, օրինազանցությունը անդառնալի խախտում և անխուսափելի աղետ տանող ամենակարճ ճանապարհն է։
Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու համար գործող օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն, այն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Եվ չնայած կիրառվող վարչական տույժերին ու տուգանքներին, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի և վնասակար, աղետալի դառնում ոչ միայն իրենց, այլև երթևեկության մյուս մասնակիցների համար։
Միայն այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում և մարզերում արդեն իսկ արձանագրվել է 702 վրաերթ, որոնցից 53-ը մահվան ելքով։ Ի դեպ, մահվան ելքով վրաերթերը հիմնականում հետիոտնի՝ ոչ թույլատրելի հատվածով անցնելու հետևանքով են:
Սիրելի՛ քաղաքացիներ, երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, մեկ անգամ ևս խնդրում և հորդորում ենք օգտվել միայն գծանշված, վերգետնյա և ստորգետնյա անցումներից, ճանապարհը հատել միայն թույլատրելի հատվածներում և, առկայության դեպքում, հետևել լուսացույցի ազդանշաններին։ Հակառակ դեպքում՝ հետևանքները կարող են անդառանալի լինել, ողբերգություն բերել ոչ միայն ձեզ, այլև երթևեկության այլ մասնակիցների։
Լինենք օրինապահ և օրինահարգ, նպաստենք օրենքի և օրինակության գերակայության հաստատմանը մեր կյանքի բոլոր ոլորտներում։