Մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամ հերոին. ՔՈԳՎ ծառայողների բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի 67-ամյա մի բնակիչ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծում և իրացնում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնակվեցին մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և պարզվեց, որ նա թմրամիջոցները մայրաքաղաքում իրացնում է մեկ այլ երևանցու` 57-ամյա տղամարդու միջոցով։
Տեղեկությունները վերջնականապես ճշտելուց հետո որոշվեց նրանց բռնել հանցափաստով, իսկ հետագա միջոցառումներն իրականացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և մայրաքաղաքի պարեկների հետ:
Մայիսի 7-ին Երևանի Արշակունյաց պողոտայում երկուսն էլ ձերբակալվեցին և, 67-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կգ հերոին թմրամիջոց, որն ըստ 67-ամյա տղամարդու` պատկանում է իրեն։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: