Հիմնանորոգման և նյութատեխնիկական հագեցման աշխատանքները ոստիկանության ստորաբաժանումներում շարունակվում են. փորձաքրեագիտական վարչությունը` նոր տեսքով և բարելավված
17.11.2012 15:18
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալներ` Հովհաննես Հունանյանն ու Սաշա Աֆյանը, տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանը փորձաքրեագիտական վարչության նոր շենքում էին:
Աշխատանքային պայմանները նախկինի հետ անհամեմատելի էին. նորոգ ու հարմարավետ աշխատասենյակներ, ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաներ, քարտադարան:
Հունան Պողոսյանը քարտադարանում մի փոքրիկ փորձարարություն անցկացրեց` տվեց նախկինում մի քանի անգամ դատված մեկի անուն-ազգանունը և պահանջեց նրա անձնական տվյալները: Վայրկյաններ անց բոլոր տվյալները համակարգչի էկրանին էին, իսկ քարտադարանի պահոցից հայտնվեց քարտը:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները շրջեցին վարչության աշխատասենյակներում, ծանոթացան նյութատեխնիկական բազային, լսեցին վարչության աշխատակիցներին ու վստահեցրին, որ առաջիկայում վարչությունը կհամալրվի ժամանակակից սարքավորումներով նոր խմբաքանակով:
Հունան Պողոսյանը նշեց, որ հիմնանորոգման ու նյութատեխնիկական հագեցման աշխատանքները ոստիկանության ստորաբաժանումներում շարունակվելու են: