ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է մի շարք գյուղական համայնքների ներկայացուցիչների
12.10.2012 14:30
Համակարգի լրատու
Գյուղացին, որ նաեւ քաղաքն է ապրեցնում, դժվար է վաստակում իր ապրուստը: Բազմաթիվ խոչընդոտներ կան, իսկ վերջին ժամանակներս դրանց գումարվել են նաեւ գայլերը, որ ուղղակի չարիք են դարձել: Ոհմակի հարձակման հետեւանքով գյուղացին տառացիորեն րոպեների ընթացքում կորցնում է տարիների վաստակը: Այս պայմաններում պետությունը պետք է ձեռնարկի արմատական միջոցառումներ:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մի շարք գյուղական համայնքների ներկայացուցիչների, որոնց հոտերը տուժել էին գայլերի հարձակումներից: Հանդիպման խնդիրն էր` ինչպես պաշտպանել գյուղացու ունեցվածքը, մասնավորապես, գիշատիչների հարձակումներից:
Ոստիկանության պետը նշեց, որ խնդիրը նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է, ով ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: Միջոցառումների ցանկում նաեւ գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելն է, ինչը նրանց հնարավորություն կտա կազմակերպել արոտատեղերի եւ անասնաբակերի պաշտպանությունը:
Անդրադառնալով գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելու խնդրին` Վլադիմիր Գասպարյանը չգրանցված զենք ունեցողներին կոչ արեց այն օրինականացնել` նշելով, որ ոստիկանությունն ամենայն աջակցություն կցուցաբերի, որպեսզի սերնդեսերունդ ընտանիքներում պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրացաններն ըստ կարգի օրինականացվեն ու ծառայեն գյուղացու ունեցվածքի պահպանման բարի գործին:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կրկին հիշեցրեց, որ ոստիկանությունն ակնկալում է գյուղական համայնքների համագործակցությունը հենց իրենց` գյուղացիների ունեցվածքի պաշտպանության գործում, եւ հույս հայտնեց, որ նրանք պատասխանատվությամբ կվերաբերվեն ե՛ւ զենքի օգտագործման կանոններին, ե՛ւ խնդրի լուծմանը:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար եւ հավաստիացրին, որ ընդհանուր գործի մեջ կունենան իրենց լուրջ մասնաբաժինը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, որ այսուհետ էլ ոստիկանությունը կլինի գյուղացու կողքին: