ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների 2010 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

20.01.2011 17:31 Տարի
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների 2010 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

2010 թ. ՀՀ ոստիկանության համար հատկանշական էր համակարգի բարեփոխումների մեկնարկով: Բարեփոխումներ, որոնց վերջնարդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ոստիկանություն` վայելող բնակչության համընդհանուր հարգանքն ու վստահությունը:
ՀՀ ոստիկանությունը նշված խնդրի լուծման հիմնական գրավականներից է համարում`
- հանցագործությունների եւ այլ իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումներին պատշաճ արձագանքումը,
- քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերումն ու բացահայտումը,
- պատժի անխուսափելիության հանրահայտ սկզբունքի հնարավորինս լիարժեք իրագործումը,
- բնակչության մոտ անձնական անվտանգության ապահովվածության զգացման ամրապնդումը,
- ոստիկանության ծառայողների առօրյա գործունեությունում օրինականության պահպանումը:
Հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից 2010 թ. ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը ստորեւ ներկայացվում է հենց այս տեսանկյունից:
1. Հանցագործությունների եւ այլ իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումներին պատշաճ արձագանքելու ոլորտում.
2010 թ. ընթացքում տարվել է ակտիվ աշխատանք հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու, ինչպես նաեւ քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ, ինչը մեծապես նպաստել է հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին՝ 7,9%-ով կամ 1138 դեպքով (2009 թ.` 14339, 2010 թ.` 15477):
Հանցագործությունների թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ 3933 հանցագործության դեպք, կատարված լինելով նախկին տարիներին, ոստիկանության ջանքերով հայտնաբերվել եւ հաշվառման է վերցվել հաշվետու տարվա ընթացքում (2009 թ.՝ 3113):
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը մեծապես պայմանավորված է նաեւ լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ակտիվացմամբ (կոռուպցիոն բնույթի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված, տնտեսության ոլորտում կատարված հանցագործություններ եւ այլն):
Որպես դրական միտում պետք է դիտել այն, որ 2,1%-ով նվազել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (2009 թ.` 5417, 2010 թ.` 5304):
Նվազել է այնպիսի հիմնական հանցատեսակների թիվը, ինչպիսիք են սպանությունը (2009 թ.` 68, 2010 թ.` 41), սպանության փորձը (2009 թ.` 29, 2010 թ.` 27), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը (2009 թ.` 1436, 2010 թ.` 1353), այդ թվում ծանր (2009 թ.` 181, 2010 թ.` 167), բռնաբարությունը եւ բռնաբարության փորձը (2009 թ.` 21, 2010 թ.` 15), մահվան ելքով ճանապարհատրանսպորտային դեպքերը (2009 թ.` 187, 2010 թ.` 182), ինչպես նաեւ ավազակության (2009 թ.` 151, 2010 թ.` 107), կողոպուտի (2009 թ.` 265, 2010 թ.` 249), գողության (2009 թ.` 3961, 2010 թ.` 3664), յուրացման կամ վատնման (2009 թ.` 182, 2010 թ.` 155) դեպքերը:
Միանշանակ դրական կարելի է համարել անչափահասների հանցավորությունում արձանագրված միտումները: 2010 թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թվաքանակը նվազել է 25-ով (477-ից 452), իսկ նրանց կողմից կատարված հանցագործությունների թիվը` 23-ով (532-ից 509): Հանցավորության ընդհանուր աճի պարագայում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազումը վկայում է վերջիններիս շրջանում ոստիկանության մարմինների կողմից իրականացված կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության մասին: Հատկապես ակտիվ է եղել փոխհամագործակցությունը ՔՀԳ վարչության եւ անչափահասների գործերով զբաղվող միջազգային ու հասարակական կազմակերպությունների միջեւ: Համատեղ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք միտված են մուրացիկ, թափառաշրջիկ, խնամազուրկ անչափահասների սոցիալական աջակցությանը, շեղվող վարքագիծ ունեցող դեռահասների կողմից իրավախախտումների նախականխմանը, սոցիալական ադապտացիային:
2. Քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման ոլորտում.
2010 թ. հայտնաբերվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1518 դեպքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են մոտ մեկ քառորդով (2009 թ.` 1229): Դրան զուգընթաց« աճել են նաեւ ցուցանիշները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող այնպիսի առանցքային ուղղությամբ, ինչպիսին է թմրամիջոցների իրացումը. ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի հատկանիշներով հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատությամբ, հայտնաբերվել են մոտ կիսով չափ ավելի շատ դեպքեր (2009 թ.` 539, 2010 թ.` 791): Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում առգրավվել է 59 կգ 360 գրամ մարիխուանա, 29 կգ մետամֆետամին, 8 կգ 850 գրամ ափիոն, 6 կգ 900 գրամ հերոին, եւ այլն: Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցները Հայաստան են ներմուծվում հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից` ափիոն, հերոին, մետամֆիտամին, Թուրքիայից` հերոին, Ֆրանսիայից` սուբուտեքս:
2009 թ. հետեւողականորեն շարունակվել է պայքարը մի այնպիսի երեւույթի դեմ, ինչպիսին է մարդկանց ապօրինի փոխադրումը (թրաֆիկինգ): 2010 թ. ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կանանց պոռնկության ներգրավելու եւ շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման 13 դեպք (2009 թ.` 11):
Հաշվետու տարում ՀՀ ոստիկանության օպերատիվ ծառայությունները եւ տարածքային մարմինները, համագործակցելով հանրապետության մյուս իրավապահ մարմինների հետ, հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված 896 հանցագործության դեպք (2009 թ.` 696):
Իրագործելով ՀՀ Նախագահի հանձնարարականները, ՀՀ իրավապահ մարմինների կողմից տարվել է զգալի աշխատանք կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Արդյունքում` 2010 թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կոռուպցիոն բնույթի 638 հանցագործության դեպք, ինչը 16,0%-ով ավել է, քան 2009 թ. ցուցանիշը` 550, ընդ որում նշված հանցագործություններից 469-ը կամ 85,2%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 60-ը կաշառակերության դեպքեր են (2009 թ.` 56), որոնցից 54-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:
3. Պատժի անխուսափելիության սկզբունքի հնարավորինս լիարժեք իրագործման ոլորտում.
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի, բնականաբար նաեւ աշխատանքային ծանրաբեռնվածության զգալի ավելացման պարագայում գրեթե բոլոր հիմնական ուղղություններով 2010 թ. արձանագրվել է բացահայտման ցուցանիշների նկատելի բարելավում: Այսպես, ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 2,4%-ով (82,2%-ից 84,6%), քրեական հետախուզության գծով` 2,7%-ով (76,9%-ից 79,6%), ծանր հանցագործություններով` 0,6%-ով (71,3%-ից 71,9%) եւ առանձնապես ծանր հանցագործություններով` 7,3%-ով (72,2%-ից 79,5%):
Ըստ հիմնական հանցատեսակների, 2009 թ. համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարելավվել է մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանություններով (66,2%-ից 73,2%), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (81,2%-ից 83,2%), բռնաբարության եւ բռնաբարության փորձի (85,7%-ից 100%), ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման (89,1%-ից 90,0%), այդ թվում մահվան ելքով (85,6%-ից 87,4%), խուլիգանության (97,2%-ից 98,1%), ավազակության (54,3%-ից 67,3%), կողոպուտի (63,0%-ից 64,7%), պետական գույքի գողության (72,9%-ից 77,4%), անձնական գույքի գողության (61,3%-ից 62,4%), այդ թվում բնակարանային գողության (50,6%-ից 52,2%) դեպքերով:
2010 թ. ընթացքում ոստիկանության մարմինների կողմից հետախուզված հանցագործներից հայտնաբերվել են 1960-ը կամ 14,3%-ը (2009 թ.` 1840-ը կամ 13,3%-ը): Բացի այդ« հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող եւս 144 հանցագործներ: Հայտնաբերված անձանցից 21-ը հետախուզվել են սպանության, 26-ը՝ ավազակության, 13-ը՝ կողոպուտի, 95-ը՝ գողության, 101-ը՝ խարդախության, 67-ը՝ խուլիգանության, 43-ը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար եւ այլն:
Նախաքննության ապարատը, որպես քրեական պատասխանատվության անխուսափելիության դատավարական սկզբունքի հիմնական պատվարը, հանցագործությունների թվաքանակի նկատելի աճի պարագայում, բնականաբար, 2010 թ. նույնպես գործել է զգալի ծանրաբեռնվածությամբ: Այս ամենի հետ մեկտեղ, վերջին չորս տարիների ընթացքում ոստիկանության քննչական ապարատը գրեթե ամբողջությամբ սերնդափոխվել է եւ համալրվել երիտասարդ ու անփորձ քննիչներով: Նման պարագայում հաջողվել է հիմնականում պահպանել քննությունը բնութագրող առանցքային որակական ցուցանիշները, տանել հետեւողական աշխատանք նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պահպանման ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
4. Բնակչության մոտ անձնական անվտանգության ապահովվածության զգացման ամրապնդման ոլորտում.
Լիովին գիտակցելով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նախականխման խնդրում ոստիկանության ստորաբաժանումների կողմից զենքի եւ ռազմամթերքի առգրավման կամ կամավոր հանձնման ուղղությամբ տարվող աշխատանքների որոշիչ դերը, ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դրանց իրականացման ընթացքը վերցրել է անմիջական հսկողության տակ: Ձեռնարկված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ավելի քան մեկ երրորդով նվազել է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների թիվը (2009 թ.` 100, 2010 թ.` 66): Այս ամենով հանդերձ, 2010 թ. ընթացքում նշված ոլորտում տարվող աշխատանքներն իրենց արդյունավետությամբ գերազանցել են 2009 թ. արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 475 դեպք, ինչը 14,5%-ով ավելի է, քան նախորդ տարում (2009 թ.` 415): Տարվա ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 354 միավոր հրազեն, իսկ բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 654-ը:
2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության զորքերը, արտաքին ծառայության ստորաբաժանումները եւ, ընդհանրապես, համակարգի ողջ անձնակազմը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները, ձեռնարկել են միջոցներ օպերատիվ իրավիճակի կայունությունն ապահովելու, հանրապետությունում կարգուկանոնը պահպանելու ուղղությամբ: 2010 թ. ընթացքում հանրապետությունում պատշաճ հասարակական կարգ է ապահովել 2164 զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, որից 92-ը` երթ, ժողով, ցույց, հանրահավաք (37-ը չարտոնված):
Շարունակվել է Անձնագրային եւ վիզաների վարչության եւ ենթակա տարածքային անձնագրային ծառայությունների բարեփոխումներին ուղղված խնդիրների իրականացումը՝ հիմնական շեշտը դնելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վրա:
Զգալի աշխատանքներ են կատարվել նաեւ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Համապատասխան փոփոխության է ենթարկվել իրավական դաշտը, քայլեր են ձեռնարկվել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Իրականացված աշխատանքների շնորհիվ, երթեւեկության ինտենսիվության շարունակական աճի պայմաններում, 2010 թ-ին նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը (2009 թ.` 2002, 2010 թ.` 1974), այնպես էլ դրա հետեւանքով զոհված (2009 թ.` 325, 2010 թ.` 294) եւ մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը (2009 թ.` 2753, 2010 թ.` 2670):
5. Ոստիկանության ծառայողների առօրյա գործունեությունում օրինականության պահպանման ոլորտում.
Ընդհանուր առմամբ, 2010 թ. ընթացքում կարգապահական տույժի են ենթարկվել 1014 ծառայողներ (2009 թ՝. 939), որոնցից 74-ը ազատվել են ոստիկանությունից (2009 թ.՝ 44), պաշտոնն իջեցվել է 13-ի, կոչումն իջեցվել է 5-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 30 ծառայողներ եւ այլն:
Ոստիկանության ծառայողին ոչ վայել արարք կատարելու համար 2010 թ. ընթացքում 105 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 46 քրեական գործ 74 ծառայողների նկատմամբ, որոնցից դատապարտվել են 15-ը:
Ամփոփելով 2010 թ. ընթացքում կատարված աշխատանքները` ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ընթացիկ տարում շարունակելու է հետեւողական աշխատանքը համակարգը բարեփոխելու, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, հանրապետությունում կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: