ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից 2012 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ
10.01.2013 12:27
Վիճակագրություն
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնելով իր հիմնական գործառույթները՝ 2012 թ. ընթացքում համակարգել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայության աշխատանքները:
Բացի կազմակերպչական աշխատանքներ իրականացնելուց, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունն իր լիազորությունների շրջանակներում ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվել է ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 282 դեպք, որոնց թվում` սպանության 4, սպանության փորձի` 5, ավազակության` 16, կողոպուտի` 18, գողության` 63 /որոնցից 19-ը` բնակարանային/, խուլիգանության` 6, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 13, մարմնական վնասվածք պատճառելու` 33 և 124 այլ /ԱՏՄ փախցնել, խարդախություն, թմրամիջոցների հայտնաբերում, փաստաթղթերի կեղծում, մաքսանենգություն, մարդու առևտուր, անձին ապօրինի ազատությունից զրկելը, կաշառակերություն և այլն/:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 49 և այլ երկրների կողմից հետախուզվող 58 անձ, ովքեր հետախուզվել են ԱՊՀ և մի շարք այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել ու ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 48 անձ, որոնցից 6-ն այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 2 անձ:
Որպես ակնառու օրինակներ կարելի նշել ներքոշարադրյալները`
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս բացահայտվել է Չ. Խուդոյանի սպանության դեպքը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ օպերատիվ տեղեկություններն իրացնելիս բացահայտվել է Հ.Նաղդալյանի սպանության դեպքը, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառւմների շնորհիվ բացահայտվել է Ա.Գալստյանի սպանության դեպքը:
Բացահայտվել են նաև «Ադամիում» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ 2009 թ. կատարված ավազակային հարձակման և ավազակության մի շարք այլ դեպքեր:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Լոռու մարզում հայտնաբերվել են սպանություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող Գևորգ և Դավիթ Անանյանները, ովքեր հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում կատարել էին բազմաթիվ հանցագործություններ:
Բացի այդ, հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար համապատասխանաբար 19 և 20 տարի հետախուզման մեջ գտնվող Մեխակ Հովակիմյանն ու Սմբատ Գրիգորյանը:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողների անմիջական մասնակցությամբ բացահայտվել է նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Ախուրյանի մասնաճյուղին պատկանող բանկոմատից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքը:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչություն