ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից 2013 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ
22.01.2014 14:11
Վիճակագրություն
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 2013 թ. ընթացքում իր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և համակարգել է ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայության աշխատանքները` միաժամանակ ակտիվ գործունեություն ծավալելով նաև հանցագործությունների նախականխման, բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Այսպես. քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անմիջական նախաձեռնությամբ և տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2013 թ. ընթացքում բացահայտվել է ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 239 դեպք, այդ թվում` սպանության և սպանության փորձի 14, ավազակության 11, կողոպուտի 4, գողության 81 /որոնցից 41-ը` բնակարանային/, խուլիգանության 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման 12, մարմնական վնասվածք պատճառելու 35, խարդախության 38 և 42 այլ /ԱՏՄ փախցնել, թմրամիջոցների հայտնաբերում, փաստաթղթերի կեղծում, սահմանի ապօրինի հատում, մաքսանենգություն, մարդու առևտուր, անձին ազատությունից ապօրինի զրկելը, կաշառակերություն և այլն/:
Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 36 և այլ երկրների կողմից հետախուզվող 62 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԱՄՆ, ՉՀ, ԻԻՀ և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել ու ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 61 անձ, որոնցից 7-ը` այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Բացի այդ, հայտնաբերվել է որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ: