ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի համագործակցության արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի համագործակցության արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում: Հատկապես ընդգծվեց ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մասնակցության ընդլայնման կարևորությունը:
Երկու տարի առաջ ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի հետ սկիզբ առած համագործակցությունը հանդիպման ընթացքում ստացավ իր փաստաթղթային ամրագրումը, և կողմերի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ոստիկանության անունից հուշագիրը ստորագրեց Վարդան Եղիազարյանը, իսկ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի անունից` Ֆիլիպ Ֆլյուրին: 
Հուշագրի համաձայն` կողմերը կիրականացնեն ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում օրենսդրական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ներառյալ` օրենսդրական ակտերի նախագծերի մշակման, ՀՀ ոստիկանության վերլուծական և հետազոտական կարողությունների զարգացման, ոստիկանության ոլորտում քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնման և այդ ուղղությամբ արդյունավետ ընթացակարգերի մշակման և իրականացման համագործակցություն: Նշված աշխատանքներում ակնկալվում է ԵԱՀԿ  երևանյան գրասենյակի անմիջական աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: