ՀՀ ոստիկանությունում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը
Ոստիկանությունը երեխաների ամենաջերմ ու անկեղծ պաշտպաններից է, ուստի և պատահական չէ, որ Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ավանդաբար նշվում է նաև ՀՀ ոստիկանությունում։ Կազմակերպվող միջոցառումները, ինչպես միշտ, նպաստում են մատաղ հոգիների գեղագիտական դաստիարակությանն ու բարու սերմանմանը։
Ոստիկանության մշակույթի կենտրոնում ավանդական է դարձել հունիսի 1-ին առանձնակի գեղեցիկ ու վառ տոն պարգևել ոստիկանության ծառայողների երեխաներին։ Երեխաներն այս անգամ բազմերանգ կավիճներով զինված էին շտապել հայրիկ-մայրիկների և պապիկ-տատիկների աշխատավայր։ Հաշվված րոպեներում ՀՀ ոստիկանության շենքին կից մաքուր լվացված ասֆալտը լցվեց երևակայական ու խորհրդանշական ամենատարբեր պատկերներով։ Փոքրիկների ապրեցնող եռուզեռը, կենսուրախ տրամադրությունը շարունակվեց մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպված համերգային միջոցառման ողջ ընթացքում։
Շնորհավոր տոնդ, փոքրի՜կ, անհոգ մանկություն և վառ ու լուսավոր ապագա քեզ։