Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում են իրացնել առևտրի և սննդի կետերում:
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ նրանք հինգ թղթադրամ իրացրել են 18-ամյա մի երիտասարդի, իսկ երկու թղթադրամ՝ 16-ամյա մի պատանու: Վերջիններս էլ իրենց հերթին տարբեր առևտրի կետերում գնումներ կատարելու միջոցով փորձել են իրացնել հուշանվեր-թղթադրամները:
Նույն օրը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի մի առևտրի կետում հուշանվերն իրացնելիս ձերբակալվել և բաժին են տեղափոխվել երկու պատանի: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր 19 թղթադրամ: Նա հայտնել է, որ թղթադրամները պատվիրել են առցանց գնումների հարթակի միջոցով, որոշ մասն իրացրել են, մնացած մասը փորձել են իրացնել:
Առևտրի կետի վաճառողուհին տվել է հաղորդում և ներկայացրել իրեն իրացրած 10-հազարանոց երկու հուշանվեր թղթադրամ:
Եվս մեկ հանցակից երկու ժամ անց հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք պատանիները ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված հետագա միջոցառումներով Թումանյանի ոստիկանները պարզել են, որ պատանիները հուշանվեր 10-հազարանոցով փորձել են գնում կատարել նաև Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գործող խանութում: Այս դեպքում, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: