Հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է փոխանցվել Արփի գյուղի մի խանութի սեփականատիրոջ հաղորդումը. «ՎԱԶ» մակնիշի մի մեքենայի վարորդ առևտուր անելիս վճարել էր հինգհազարանոց կեղծ թղթադրամ:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Խանութում հայտնել են, որ գնորդին վերադարձրել են 4500 դրամ մանրը, բայց մեքենայի համարանիշին ուշադրություն չեն դարձրել:
Ոստիկաններն անցել են գործի, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ու արագ պարզել, որ հուշանվեր թղթադրամն իրացրել են Գորիսի բնակիչ երկու երիտասարդներ` երկուսն էլ 31 տարեկան:
Համագործակցելով Վայոց ձորի մարզի պարեկների հետ` հաղորդումը ստանալուց մոտ մեկ ժամ անց Երևան-Մեղրի ճանապարհի 106-րդ կմ-ին երիտասարդները հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել և, իրենց մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են տարբեր արժեքի դրամներ, որոնց մեջ եղել են հուշանվեր թղթադրամներ` մեկ հատ 10-հազարանոց և վեց հատ հազարանոց: Նա հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում նույնպես կան հուշանվեր-թղթադրամներ:
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Հետագա միջոցառումների արդյունքում Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ նույն երիտասարդները, նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, ևս մեկ հուշանվեր հինգհազարանոց են իրացրել Արենի գյուղի մի բնակչի գինու տաղավարում: Նաև փորձել են նմանատիպ երկու թղթադրամ էլ իրացնել «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում, բայց այդ դեպքում վաճառողը զգոն էր:
Եղեգնաձորի քրեական հետախույզներն էլ պարզել են, որ նույն օրը, ցերեկվա ժամը մեկին, հինգհազարանոց երկու հուշանվեր հաջողությամբ իրացրել են Մալիշկա գյուղում գտնվող մթերային խանութում: Իսկ ժամը 16.50-ի սահմաններում մեկ հինգհազարանոց էլ իրացրել են Վերնաշեն գյուղի մթերային խանութում:
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար դրամի առևտրի դիմաց վճարել են հինգհազարանոց հուշանվեր, ստացել ապրանքը, չորս հազար դրամ մանրը ու հեռացել են:
Բոլոր դեպքերով իրացված հուշանվեր թղթադրամները վերցվել են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: