Հրազդանի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը
Հուլիսի 29-ին, ժամը 23.38-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Հրազդանի բաժին. «Հրազդան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Միկրոշրջան թաղամասի մի բակում բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած կրծքավանդակի վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ, որն այնուհետև տարվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վնասվածքը հասցվել էր սուր կտրող-ծակող առարկայով: Բարձրությունից ընկնելու վարկածը հերքվեց:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ու մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 29-ին, ժամը 23-ի սահմաններում, Միկրոշրջանի մի շենքի մոտակայքում վիճաբանություն է եղել 16-19 տարեկան երիտասարդների միջև. չորսը` երկուսի դեմ: Վեճի պատճառը երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն էր: Վեճը վերաճել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 19-ամյա երիտասարդը դանակահարվել էր:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 2-ին դանակահարողն ինքնակամ ներկայացել է քննչական վարչություն և տվել ցուցմունք: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: