Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է
Փետրվարի 10-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Գագիկ Ա.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 10-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենային վնասվածք է պատճառել նրան և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Կատովսկու փողոցի թիվ 23 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Գագիկ Ա.-ի վրա կրակել և վնասվածքը պատճառել է 1987 թ. ծնված Արմեն Գ.-ն, որը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը` պահունակով, լիցքավորված 4 փամփուշտով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Արմեն Գ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: