ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՍՊ ընկերության դրամարկղից 13 միլիոն դրամ հափշտակած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են

19.01.2022 16:42 Ավազակություն

2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած տղամարդը հայտնել է, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ և բացահայտ հափշտակել մոտ 13 միլիոն դրամ:
Փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը: Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հունվարի 18-ին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից Շահամիրյանների փողոցում հայտնաբերվել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: