Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 28-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային։
Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետի տեղակալը կարևորեց եվրոպական կառույցների հետ ոստիկանության համագործակցությունը, որը նպաստում է օրինականության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու համակարգի արդիականացմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նատալյա Վուտովան հավաստեց, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցել ՀՀ ոստիկանությանը, հատկապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը կիրառելու նպատակով։
Հունան Պողոսյանը փաստեց, որ ոստիկանությունը տեսանելի ձեռքբերումներ ունի ոլորտում․ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր մակարդակի։ Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը պատրաստ է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցել՝ ընտանեկան բռնության դեմ պայքարող ծառայողների վերապատրաստման ու փորձի փոխանակման ուղղություններով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։