Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում
28.11.2013 18:51
Ընդունելություններ
Նոյեմբերի 28-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց նոյեմբերի 25-ից ԵԱՀԿ Բիշքեքյան գրասենյակի նախաձեռնությամբ ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Վարդան Եղիազարյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին 2 տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և առաջիկա անելիքները:
ՀՀ ոստիկանության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով նախատեսվում է պատվիրակության հանդիպումներ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՊՊԾ գնդի, ՃՈ և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հետ: Պատվիրակության անդամները կծանոթանան ՊՊԾ գնդի «Հրեշտակներ» հատուկ գումարտակի գործունեությանը, կայցելեն ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության հենակետեր, ոստիկանության Կոտայքի բաժին: Պատվիրակությունը նոյեմբերի 26-27-ին մասնակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ կազմակերպած ոստիկանության բարեփոխումներին նվիրված միջազգային երկօրյա համաժողովին:
Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունից կմեկնի նոյեմբերի 30-ին: