Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
28.02.2013 19:46
Հայտարարություններ և ծանուցումներ
Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ:
Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման այն վայրերում, որտեղ ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները թույլ են տալիս ճանապարհային նշանների տեղադրման միջոցով սահմանել Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն, արդեն իսկ տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ, մասնավորապես. Երևան քաղաքի Սարալանջի նոր ճանապարհին (70 կմ/ժ), Ծովակալ Իսակովի (80 կմ/ժ) և Արշակունյաց (70 կմ/ժ) պողոտաներում, Թբիլիսյան խճուղում (80 կմ/ժ) և Աճառյան փողոցում (80 կմ/ժ):
Այն վայրերում, որտեղ ճանապարհային նշաններով սահմանված է Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ցածր թույլատրելի արագություն (Երևան քաղաքի Ռուբինյանց և Արտաշիսյան փողոցներ` 40 կմ/ժ, Էջմիածին քաղաք` 40 կմ/ժ, Ապարան և Դիլիջան քաղաքներ` 50 կմ/ժ, Երևան-Սևան ավտոճանապարհ` 70 կմ/ժ), հարկ է նշել, որ այդ արագությունները սահմանված են եղել մինչև արագաչափ սարքերի տեղադրումը և պայմանավորված են ճանապարհների տվյալ հատվածների` ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման տեսանկյունից առավել վտանգավոր լինելու հանգամանքով, իսկ Բագրատաշենի մաքսակետի տարածքում 20 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանելը պայմանավորված է միջազգային նորմերով մաքսակետերի և մաքսատների տարածքներում երթևեկության համար սահմանված կանոններով: Նշված վայրերում արագաչափ սարքեր տեղադրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած սահմանված ցածր արագություններին, պատահարների վիճակագրությունը փաստում էր, որ այդ ճանապարհային նշանների պահանջը վարորդների մեծամասնության կողմից ուղղակի անտեսվում է:
Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների ու պատգամավորների մտահոգությունն ու առաջարկությունները` ներկայումս կրկին կատարվում են ուսումնասիրություններ հնարավոր այլ վայրերում ևս Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ տեղադրելու նպատակով:
Միաժամանակ իրազեկում ենք, որ արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրումն արդեն իսկ տվել է դրական արդյունք պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման առումով:
2012 թվականին Երևան քաղաքում վիճակագրական հաշվառման է վերցվել 1031 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 63, վիրավորվել 1306 մարդ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների քանակն աճել է 15-ով, զոհերի թիվը` նվազել 29-ով, վիրավորներինը` 42-ով. տես ԱՂՅՈՒՍԱԿԸ
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն