Ճանապարհային ոստիկանության պետի հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նոյեմբերի 22-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հանդիպեց լրագրողներին և ներկայացրեց իր ղեկավարած կառույցի տարվա աշխատանքը։
Անդրադառնանք մի քանի կարևոր կետերի։ Հաշվետու ժամանակահատվածում հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով, փոփոխության են ենթարկվել մի շարք փողոցների, խաչմերուկների, հրապարակների երթևեկությունը։ Շրջանաձև երթևեկություն ունեցող գրեթե բոլոր հրապարակներում առավելությունը տրվել է շրջանաձև երթևեկողներին, զիջողի դերում՝ հրապարակ մուտք գործող մեքենաներն են։
Երևանի Կոմիտասի, Տիգրան Մեծի, Աճառյան և այլ փողոցներում ավելացվել են երթևեկելի լրացուցիչ գոտիներ, որոնց շնորհիվ մեքենաներն առանց խոչընդոտի կատարում են ձախ շրջադարձ և հետադարձ։
Երևանի մի շարք խաչմերուկներում աջ սեկցիայով լուսացույցների աշխատանքային ռեժիմներում կատարվել են փոփոխություններ, ինչի շնորհիվ դեպի աջ երթևեկող մեքենաներն անցնում են անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի։
Լուսացույցների տեսանելիությունը բարելավելու նպատակով մի շարք փողոցների լուսացույցներ երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել են երթևեկելի մասի վրա։ Միաժամանակ՝ ձախ սեկցիաների փոխարեն տեղադրվել են առանձին լուսացույցներ, որոնց միջոցով խաչմերուկներում երթևեկությունը տվյալ գոտուց կարգավորվում է մեկ որոշակի ուղղությամբ։
Բացի այս փոփոխություններից ճանապարհապարեկային ծառայության մեքենաներում տեղադրվել են 15 GPS տեղորոշիչ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս առցանց տեսնել ծառայողական մեքենաների գտնվելու վայրն ու հետևել դրանց շարժին։ Այս համակարգը թույլ է տալիս դեպքի վայրեր ուղարկել առավել մոտ գտնվող կարգախմբերին, ինչպես և ավելի արդյունավետ վերահսկել նրանց ծառայությունը։
Հուլիսի 3-ից գործում է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը՝ ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծով, որը հնարավորություն ունի միաժամանակ ընդունելու 6 հեռախոսազանգ։ Կենտրոնի առկայությունը հնարավորություն է տալիս առավել հրատապ արձագանքել քաղաքացիների զանգերին։
Հանդիպման ավարտին ճանապարհային ոստիկանության պետն ու տեղակալները պատասխանեցին լրագրողների հարցերին։