Ճանապարհային ոստիկանությունը 81 տարեկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
03.07.2017 17:46
Համակարգի լրատու
Հայաստանի հանրապետության ճանապարհային ոստիկանությունը 81 տարեկան է։
ԽՍՀՄ ՆԳԺԿ Հայաստանի վարչության պետի 1936 թվականի մարտի 25-ի N 162 հրամանով խճուղային ճանապարհների բաժնում ստեղծված պետավտոտեսչությունը տրվեց միլիցիային: Ստորաբաժանումն ուներ ընդամենը 8 հաստիք: 1936թ. այս օրը ԽՍՀՄ-ում ընդունվեց պետավտոտեսչության կանոնադրությունը և այդ օրն էլ դարձավ պետավտոտեսչության կազմավորման օր։
Հուլիսի 3-ին, ճանապարհային ոստիկանությունում տոնական տրամադրություն էր։
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ շրջեց վարչության շենքում, ծանոթացավ վերջին շրջանի նորամուծություններին։
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Սա ճանապարհային ոստիկանության համակարգի վերջին նորամուծությունն է։
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու տեխնիկային։
Կենտրոնը հնարավորություն ունի 1-77 հեռախոսահամարով թեժ գծով միաժամանակ ընդունել մինչև վեց հեռախոսազանգ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել օնլայն ռեժիմով հետևելու այն խաչմերուկների երթևեկությանը, որոնք կահավորված են Ճանապարհային ոստիկանության տեսախցիկներով:
Օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։
Հասարակության հետ կապն առավել արդյունավետ և բազմակողմանի դարձնելու համար արդեն իսկ գործում է Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և ստանալ հուզող հարցերի պատասխանները։
Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացված վարչական ակտերի ծանուցման հնարավորություններն առավել ընդլայնելու նպատակով հուլիսի 3-ից <> ՓԲԸ ընկերության ՀՀ տարածքում գտնվող բոլոր մասնաճյուղերում ցանկացած անձ կարող է ստանալ տեսահսկվող համակարգերով արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը և տեղում վճարել տուգանքները:
Օպերատիվ կառավարման կենտրոնի բացումից հետո ոստիկանության պետի տեղակալը 7 քաղաքացու հանձնեց ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ։
Նրանք աձագանքել էին Ճանապարհային ոստիկանության հրավերին ճանապարհապարեկային ծառայությունում աշխատելու համար, մասնակցել էին համապատասխան հարցազրույցներին, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստացել սպայի կոչում ու նշանակվել Ճանապարհային ոստիկանությունում ծառայության։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփիչ օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՃՈ բոլոր ստորաբաժանումների պետերը:
Ամփոփելով խորհրդակցությունը Սամվել Հովհաննիսյանը բավարար գնահատեց կատարված աշխատանքը և հույս հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունը կշարունակի կատարելագործման գործընթացը։
Հայաստանի 81-ամյա Ճանապարհային ոստիկանությունը մշտապես բարեփոխվող ու արդիականացող կառույց է, որի պրոֆեսիոնալ ու տեխնիկական կարողությունները ծառայում են մեկ նպատակի՝ ապահովել անվտանգ երթևեկություն, պահպանել երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը։