Բելառուսի ՆԳՆ Մագիլյովի ինստիտուտի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հոկտեմբերի 23-ից 25-ը Երևանում է գտնվում Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մագիլյովի ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Վալերի Պոլիշչուկի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են Մագիլյովի ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ, փոխգնդապետ Յուրի Շկալերովը, Մագիլյովի ինստիտուտի ուսումնամեթոդական բաժնի պետ, գնդապետ Ալեքսանդր Երմոլան:
Համագործակցության վերաբերյալ արձանագրության ստորագրման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը` ընդգծելով միջազգային համագործակցության ընդլայնման նշանակությունն ու կարևորությունը:
Արձանագրության ստորագրմանը հետևեց Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց Բելառուսի ՆԳՆ Մագիլյովի ինստիտուտի ստեղծման պատմությունը, գործունեությունը, իրականացվող կրթական ծրագրերը, վերապատրաստման հիմնական ուղղությունները:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվեցին մեդալներով: