Մալաթիայի քրեական հետախույզները բացահայտեցին կողոպուտը
Հունիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացի հաղորդում տվեց, որ ժամը 1.45-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, մի տղամարդ հնչեցրել է ծանր վիրավորանքներ, բռունցքով ու դանակով խփել է իր գլխին, ապա պարանոցից քաշել-պոկել է իր ոսկյա շղթան ու հեռացել։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դեպքը տեղի էր ունեցել Երևանի Իսակովի պողոտայում։ Տղամարդիկ իրար չէին ճանաչում ու վիճել էին կենցաղային պատճառով։ Քրեական հետախույզները կարճ ժամանակում պարզեցին կասկածվողի ինքնությունը, որը Երևանի 36-ամյա բնակիչ է։ Նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: