«Մակարով» ատրճանակից բացի մեքենայում թմրանյութ կար. Մուշի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի պահվող զենքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 1-ին: Ցերեկվա ժամը չորսին Գյումրիի Վարդանանց հրապարակից նրանք բաժին հրավիրեցին Շիրակի մարզի 31-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ: Տրանսպորտային միջոցը կնքվեց:
Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին, դատարանի որոշմամբ, մեքենայի սրահում կատարվել է խուզարկություն: Ութ փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակից բացի, հայտնաբերվել է նաև երկու փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: