Մասիսի ոստիկանները բնակարանագողին բռնեցին դեպքի վայրում. նա ձերբակալվել է
Փետրվարի 13-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Մասիսի Նոր թաղամասի 9-րդ շենքի բնակարաններից մեկը մի տղամարդ է մտել գողություն անելու։ Օպերատիվ խմբերը մեկնեցին հիշյալ թաղամաս ու նախ շրջափակեցին շենքը։ Շուտով Մասիսի ոստիկանները պարզեցին, որ միայնակ բնակվող տանտիկինն աշխատավայրում է։ Բնակարանի դռան փականի մեջ, ներսի կողմից, բանալի կար։ Ոստիկանները նաև տանը շարժ զգացին։ Մինչ տանտիկինը, տեղեկանալով կատարվածի մասին, կվերադառնար, Մասիսի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տուն մտած տղամարդը բացեց դուռը և բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ Վանաձորում բնակվող 38-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործով նախաքննություն է կատարվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: