Մասիսի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել ու հայտնաբերել գողոնը
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժին էր զանգել, որ Հայանիստ գյուղի իր տնից գողություն են արել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 10-ից 12-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին կիսակառույց տան պատուհանը, գողացել 3 էլեկտրական սղոց, էլեկտրական հորատիչ, լազերային հարթաչափ և այլ արհեսագործական գործիքներ՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս։ Տան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի կասկածելի մեքենա էր նկատվել, որի մեջ պարկերով ինչ-որ բան էին դրել։
Քրեական հետախույզները նույն օրը Հայանիստ գյուղի վերջնամասում հայտնաբերեցին հիշյալ մեքենան։ «ԳԱԶելի» վարորդը, երեք ուղևորների հետ, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։
Բերման ենթարկված տղամարդկանցից մեկը, որը Ներքին Չարբախի 35-ամյա բնակիչ է, գողության վերաբերյալ խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ նաև, որ բերման ենթարկվածները երկու գողություն էլ են արել, որոնց հանգամանքները ևս պարզվում են։
«ԳԱԶելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գողոնը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: