Մասիսում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Հունիսի լույս 4-ի գիշերը Մասիս քաղաքի հացատներից մեկի մոտ երկու տղամարդ վիճել էին։ Ծեծկռտուքի ժամանակ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին:
Ոստիկանության Մասիսի բաժնում կատարվածի մասին տեղեկացան ժամը 4.30-ի սահմաններում: Հիվանդանոցից հայտնում էին, որ որովայնի ծակած-կտրած վերքով 35-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին չհաջողվեց տուժողի հետ խոսել. բժշկի տեղեկանքի համաձայն՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Մի քանի ժամ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ տուժողին դանակահարել է Երևանի Նոր Արեշ թաղամասի 41-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին՝ բերելով գաղտնի փականով դանակ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է:
41-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ քրեական գործ է հարուցվել։
Հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: