Ատրճանակ ու մարիխուանա. Մեծամորի ոստիկանների բացահայտումները
Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Երևան-Արմավիր ճանապարհին ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ մեքենայում ատրճանակ ու դանակ կար։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, մեքենան խուզարկվել է։ Հայտնաբերվել են ատրճանակ և ծալովի դանակ։
Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Մասնավորապես, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու տանը հայտնաբերվել է 60 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Նույն գյուղում ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 54-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ ևս հայտնաբերվել է մարիխուանա։ Ընդհանուր 6 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել նաև 23-ամյա մի երիտասարդի խուզարկությամբ, որին Մեծամորի ոստիկանները ձերբակալել են Մեծամորում։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: