Վիճաբանություն Արգավանդում․ մարմնական ծանր վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
Հունվարի 8-ին, ժամը 00.45-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխի սալջարդով և ծնոտի պատռվածքով բուժօգնության է դիմել Արգավանդ գյուղի 44-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, բուժօգնության դիմած տղամարդն ու 25-ամյա համագյուղացին կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը բռունցքներով խփել էր 44-ամյա տղամարդուն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։
Հունվարի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը արգավանդցի 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: