Մարտի 8-ին պարեկներն ու ճանապարհային ոստիկանները «հատուկ միջոցառում» են իրականացրել
Մայրաքաղաքում՝ հասարակական կարգ ու անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովող պարեկները, մարզերում՝ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 8-ին իրականացրել են «հատուկ միջոցառում»։
«Հատուկ միջոցառման» խնդիրը կին վարորդների հայտնաբերումն էր։ Պարեկների և ճանապարհային ոստիկանների տեսադաշտում հայտնվող բոլոր կին վարորդների մեքենաներն անխտիր կանգնեցվում էին։ Բայց նպատակը ոչ թե արձանագրություն կազմելն էր, այլ գարնան ու գեղեցկության տոնի առթիվ ծաղիկ նվիրելն ու ժպիտով պարգևատրվելը։
Այս միջոցառումն արդեն իրականացվում է ավանդույթի ուժով՝ օրվա տոնականությանն ու խորհրդին հավատարիմ։
Այս տարի անակնկալ էր սպասվում նաև մեր երկրի հյուրերին։ Վաղ առավոտից պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան ժամանող կանանց դիմավորում էին ծաղիկներով ու ժպիտով։
Սիրելի կանա՜յք, մաղթում ենք անվտանգ երթևեկություն, միջադեպերից ու պատահարներից զերծ օրեր ու երջանկություն։
Շնորհավո՜ր Մարտի 8։