Մարտունու ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ: Փետրվարի 21-ին, երեկոյան ժամը 10-ի կողմերը, Ներքին Գետաշեն գյուղի դպրոցի մոտից նրանք բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ երկու երիտասարդի` «Լեքսուսով» հանդերձ:
Մեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ 22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել է անցած տարվա աշնանը: Նա ստիպված էր նաև ընդունել, որ նույն մեքենայում օգտագործել է թմրամիջոց, նաև հյուրասիրել է 28-ամյա ընկերոջը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: