Մեքենան փախցնելուց մեկ օր անց բռնել էին. Արարատի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքում մեքենա էին փախցրել: Սպանդարյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը բաց էր, բանալին` փականի մեջ: Այդ հանգամանքից օգտվելով էլ ժամը 19.30-ին մեքենան փախցրել էին: Կատարվածի վերաբերյալ նույն օրը, ժամը 23.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ ստացվեց:
Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց տեղեկություններ ստացվեցին, որ «06»-ը փախցնողը Երևան քաղաքի 57-ամյա մի բնակիչ է:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը, մեքենայով հանդերձ, Արարատի Աբովյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժանմունք:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: