Մեքենան փախցրած անձինք հայտնաբերվեցին
Հուլիսի 14-ին, ժամը 5-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի մոտ իրեն հարվածել են, խլել «Շկոդա» մեքենան:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 4.20-ին ոմն Ադրիկ, իր ենթադրյալ իրավունքներն իրացնելով, գումարային հարցերի հետ կապված, նշված շենքի բակում վերցրել է քաղաքացու «Շկոդա» մակնիշի մեքենան ու հեռացել: Նրա հետ եղել են ևս երկու հոգի, որոնք ձեռքով հարվածել են քաղաքացու դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալների ինքնությունը:
Նրանցից երկուսը բերման են ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություններ տվել:
Ոստիկանները մեքենան անվնաս վիճակում հայտնաբերել են «Լամբադա» կամրջի տակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: