Նախաքննությունը շարունակվում է
23.02.2013 15:19
Խուլիգանություն
Փետրվարի 20-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել Աշոտ և Հովհաննես Դ.-երի ու Սարգիս Ա.-ի կողմից Ա. Գրիգորյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մասին, որի ընթացքում հնչել էին կրակոցներ, իսկ փետրվարի 21-ին հաղորդում էր ստացվել, որ նշված խուլիգանությանը մասնակից է եղել նաև Պետրոս Ն.-ն, որն իր մոտ եղած ատրճանակից արձակել էր կրակոցներ դեպի օդ և գետին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, Աշոտ և Հովհաննես Դ.-երը, Սարգիս Ա.-ն և Պետրոս Ն.-ն ներկայացել են բաժին, որտեղ Պետրոս Ն.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակ` դատարկ պահունակով, և հայտարարել, որ փետրվարի 20-ին նշված ատրճանակով կրակել է ինքը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Աշոտ Դ.-ն և Պետրոս Ն.-ն ձերբակալված են:
Հովհաննես Դ.-ն և Սարգիս Ա.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: