Ոստիկանները բացահայտել են Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 8-ին անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են Երևանի Գյուլիքեխվյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը, մտել ներս, գողացել ոսկյա կախազարդ ու լուսանկարչական տեսախցիկ՝ տանտիրոջը պատճառելով 370.000 դրամի վնաս:
Հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտել չհաջողվեց: Օրեր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումերով վարկած առաջ քաշվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինեն Երևանի 30, 34 և 36-ամյա բնակիչներ:
Ճշտվեց նրանց ինքնությունն ու կասկածյալներից երկուսը բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանություն: Նրանք ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: