ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն հյուրանոցային համալիրից. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

15.06.2022 17:14 Գողություն

Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց ահազանգ մի քաղաքացուց. հյուրանոցային համալիրում գողություն էր եղել:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր և պարզեց, որ գիշերը, երբ քաղաքացին ննջասենյակում քնած էր, մտել էին վարձակալած համար և նախասրահից գողացել նրա տաբատն ու բաճկոնը, գրպաններում` անձնագիր, վարորդական իրավունքի վկայական ու փող, նաև՝ բջջային հեռախոսը:
Համարի դուռը կողպած չէր, ու ոչ ոք չէր տեսել, թե ով էր մտել հյուրանոց:
Հարուցվեց քրեական գործ: Թեև հանցագործությունն արագ բացահայտել չհաջողվեց, սակայն Շենգավիթի քրեական հետախույզները շարունակեցին օպերատիվ աշխատանքը, որի արդյունքը տեսանելի եղավ օրեր անց: Ստացվեցին տվյալներ, որ գողությունը կարող է կատարած լինել մայրաքաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց Վանաձորում, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց քննչական բաժին:
Նա խոստովանել է արարքը, ձերբակալվել, ապա նաև՝ կալանավորվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: