Աշխատանքային խորհրդակցություն և ուժեղացված ծառայություն Շիրակի մարզում
Մայիսի 25-ին ոստիկանության Մուշի բաժնում պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Ներկա էին պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավարությունը։
Պարեկային ծառայության պետը խոսեց հանդիպման կարևորության մասին, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ Շիրակի մարզի գումարտակի անձնակազմի հետ, տեղում վերհանել առկա խնդիրները և տալ համապատասխան լուծումներ։ Արթուր Խուդինյանը անդրադարձավ նաև պարեկային ծառայողների մասնագիտական որակների կատարելագործմանը՝ ընդգծելով ծառայողական կարգապահության, էթիկայի և բարեվարքության կարևորությունը։ Անդրադառնալով քաղաքացիներին դիմելու կարգին ՝ նա խոսեց կոնֆլիկտային իրավիճակներում պարեկային ծառայողների ճիշտ գործելաոճի մասին։ Արթուր Խուդինյանը ընդգծեց նաև բնակչության հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես նշելով պարեկների կողմից քաղաքացիներին աջակցելու պատրաստակամությունը։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն անդրադարձավ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում իրականացվող ուժեղացված ծառայությանը, որի պատշաճ իրականացմամբ կկանխվեն շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումները, կապահովվի հասարակական կարգը և անվտանգությունը։
Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզի գումարտակի պարեկները ստացան համապատասխան հրահանգավորում, ինչից հետո անցան ուժեղացված ծառայության։
Ուժեղացված ծառայության ընթացքում Շիրակի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 246 խախտում։ Հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 24 անձ, հաշվառման համարանիշի հետ կապված՝ 4, չամրակապված վարելու՝ 26, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 8 իրավախախտումներ։ Հայտնաբերվել են նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, տեխնիկական զննություն չանցած՝ 31, թաղանթապատված դիմապակիով՝ 8 մեքենա, և 90 այլ իրավախախտումներ։
Պարեկային ծառայության ղեկավարությունը հետևում էր ուժեղացված ծառայության ընթացքին, միաժամանակ զրույցներ ունենում քաղաքացիների հետ։
Նմանօրինակ հանդիպումները և ուժեղացված ծառայությունները պարբերական են։