Շիրակի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Շիրակի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Աբովյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 31-ին Ղանդիլյան փողոցում նրանք կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի տաքսի, որի 42-ամյա ուղևորը իջնելիս մեքենայի մեջ ինչ-որ իր է նետել: Թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ նետված առարկան մարիխուանայով լցված կաթուցիչ էր, իսկ կանեփը քաղել էր վայրաճ բույսերից: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով և մոխրացված հետքերով առարկա:
Հոկտեմբերի 31-ին Շիրակի պարեկները Մարմաշենի խճուղու մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են Ախուրյան գյուղի 39-ամյա բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ:
Նույն օրը Հացիկի խճուղում Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել Մուսայելյան փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակում լցված մարիխուանայի նմանվող զանգված և թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:
Ձերբակալվածները և դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: